Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/5/2022
share

Սոթքի բնապահպանական, տնտեսական և սահմանային խնդիրները (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բազմաթիվ խնդիրներին 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գումարվեց ևս մեկը՝ սահմանայինը։
Սահմանը մոտեցել է ու անվտանգության խնդիրը դարձել է առաջնային։ Արդեն իսկ սահմանամերձ դարձած այս գյուղը բազմաթիվ այլ չլուծված խնդիրներ էլ ունի։ Տարիներ շարունակ օրակարգային է աշխատատեղերի հարցը, խմելու և ոռոգման ջրի պակասը, սոցիալական խնդիրները, ենթակառուցվածքների ոչ բարվոք վիճակը։
Նախկինում Սոթքը Գեղամասար խոշորացված համայնքի վարչական կենտրոնն էր, հիմա ընդգրկվել է Վարդենիս խոշորացված համայնքի մեջ:
Սուբվենցիոն ծրագրերով որոշակի ծրագրեր են իրականացվել Գեղամասար խոշորացված համայնքի 18 գյուղերում։ Երկարատև բանակցություններից հետո ներդրում է արել նաև Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն։
Բնակավայրում այսօր առավել մտահոգիչ են համարում ոռոգման ջրի բացակայությունը, որի պատճառով չեն կարողանում ոռոգել հողերը և բավարար բերք ստանալ։
«Մարդիկ մշակում են ցորին, կարտոֆիլ, բայց չեն կարողանում ոռոգել։ Հիմնականում անձրևի հույսին են։ Վերջին 2-3 տարիներն էլ երաշտային է, մարդիկ բերք չեն ստանում, ու արդեն մտածում են՝ ցանեն թե՝ ոչ»-ասում է Սոթքի բնակիչ Վաղինակ Ոսկանյանը։
Հաշվի առնելով այն, որ արոտավայրերի ու խոտհարքների մեծ մասն անցել է Ադրբեջանին, անասնապահությունը ևս դարձել է պակաս եկամտաբեր։ Այն դեպքում, երբ անասնապահությունը այս գյուղի հիմնական զբաղմունքն էր։ Հաճախ են նաև սահմանային միջադեպեր լինում։ Անցած տարի Կութ գյուղից 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ անցան սահմանը ու այդպես էլ չվերադարձվեցին։
«Այնպիսի ծրագրեր են պետք իրականացնել, որոնք կխթանեն տեղի տնտեսության զարգացմանը։ Մի քանի առաջարկներ կան, օրինակ հիդրոպոնիկ եղանակով աճեցումը, որ կարողանանք ժամանակին խոտ հասցնել անասուններին։ Նաև ոռոգման ջրի պահով ենք ուզում ծրագիր իրականացնել, որ ջուր հասցնենք, որ ավելի բարձր որակի մշակաբույսեր ստանանք»,-ասում է Սոթքի բնակիչ Հայկ Դավոյանը։
Սոթքի բազմաթիվ խնդիրներին գումարվում է նաև առողջապահականը, որի մասին սակայն սահմանային անհանգիստ պայմաններում արդեն շատ չեն խոսում, ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Սակայն առողջապահական խնդիրները անտեսել չի կարելի, և պետք է արվի ամեն ինչ, որպեսզի  սահմանային գյուղերը չդառնան պակաս գրավիչ և չդատարկվեն։ Դրա համար բնապահպանական խնդիրները ևս օր առաջ պետք է լուծվեն։
Հանքավայրի ազդեցության տակ են գտնվում նաև Կութ, Ազատ և Տրետուք գյուղերը։ Բնակիչներն ասում են՝ հանքարդյունաբերական գործունեության հետևանքները զգում են իրենց առողջության վրա, սակայն ցանկալի կլիներ, որ պաշտոնական հետազոտություններ արվեր։
Օլեգ Դուլգարյանն ասում է, որպես առողջապահական խնդիրների մեղմմանն ուղղված միջոցառում, անհրաժետ է Սոթքում ունենալ գոնե հագեցած ու բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություն։ Կարևոր է համարում նաև բժշկական ապահովագրության ներդրումը։
Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակում կարելի է իրականացնել նաև շատ այլ ծրագրեր ուղղված տնտեսության և բնակիչների կյանքի բարելավմանը։  

cvmedia.am

4

facebook sharing button facebook